ԱՄՆ ֆոնդային ինդեքսները նվազել են աշխարհաքաղաքական լարվածության աճի պատճառով
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի անկում են ապրել Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության աճի և թույլ վիճակագրական տվյալների պատճառով։
Ըստ Trading Economics-ի՝ ներդրողների վրա բացասական ազդեցություն են ունենում մտավախությունները, որ ԱՄՆ-ն կարող է ուղղակիորեն ներքաշվել իսրայելա-իրանական հակամարտության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Իրանի մասին մի շարք հաղորդագրություններ է հրապարակել, որոնցից մեկում Թեհրանից պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։ Նա նաև նշել է. «Մեր համբերությունը սպառվում է»։
Միևնույն ժամանակ, ըստ ԶԼՄ-ների՝ Կոնգրեսը պատրաստել է մի շարք նախաձեռնություններ, որոնք նախատեսված են արգելել Վաշինգտոնին մասնակցելու ռազմական գործողություններին Իրանի տարածքում։
Trading Economics-ը, վկայակոչելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, հայտնել է, որ Միացյալ Նահանգների արդյունաբերական արտադրությունը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով: Մինչդեռ մասնագետները կանխատեսում էին 0.1% աճ։
ԱՄՆ-ում մանրածախ վաճառքը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.9%-ով՝ հայտնել է երկրի առևտրի նախարարությունը։ Դա չորս ամսվա ընթացքում գրանցված ամենանշանակալի անկումն է։ Վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել էին 0.7% անկում։
JetBlue Airways Corp.-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 7.9%-ով։ Նվազել են նաև մյուս ավիափոխադրողների բաժնետոմսերը, այդ թվում՝ United Airlines Holdings-ինը՝ 6.2%-ով, Delta Air Lines-ինը՝ 4.3%-ով, American Airlines Group-ինը՝ 3.1%-ով։
Բացի այդ, նվազել է Apple Inc.-ի բաժնետոմսերի գինը՝ 1.4%-ով, Boeing Co.-ինը՝ 0.7%-ով, Microsoft Corp.-ինը՝ 0.2%-ով, Tesla-ինը՝ 3.9%-ով, Amgen-ինը՝ 1.9%-ով, Alphabet Inc.-ինը՝ 0.5%-ով, Adobe Inc.-ինը՝ 4.7%-ով։
Մինչդեռ նավթարտադրողների բաժնետոմսերը թանկացել են նավթի գների էական բարձրացումից հետո, այդ թվում՝ Exxon Mobi -ինը՝ 1.4 տոկոսով, ConocoPhillips-ինը՝ 0.5 տոկոսով, Marathon Petroleum-ինը՝ 2 տոկոսով: 1.9%-ով բարձրացել է նաև Chevron Corp.-ի բաժնետոմսերի գինը: