չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ, օտար պետության քաղաքացի. Եղոյան

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ, օտար պետության քաղաքացի. Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր ելույթում անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի տան բակում  նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի կողմից արված մի սենսացիոն հայտարարության, որը զարմանալիորեն չի քննարկվում ոչ մամուլի, ոչ քաղաքական վերնախավի կողմից:

Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նա Սամվել Կարապետյանին դիմել էր՝ նրան անվանելով չակերտավոր «բարեգործ», վրդովվել էր՝ ասելով, թե այն առանձնատունը, որտեղ վարչապետն ապրում է, իրենք են սարքել: 

«Ինչ-որ մեկը գիտե՞ր այս մասին: Ես, օրինակ՝ չգիտեի: Ես չհավատացի, ինձ թվաց՝ ուրիշ առանձնատուն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ չի մտածել, թե խոսքը բոլորին հայտնի՝ Կոնդի և Սևանի կեցավայրերի մասին է:  

«Գիտեք, այս կոնտեքսում հարց է ծագում՝ ինչի՞ եք քննարկում կուսակրոնության հարցը: Ժողովուրդ, մենք չենք քննարկում կուսակրոնության հարցը, մենք քննարկում ենք իսկականության հարցը: Դա հարցերից մեկն է, որը վերաբերում է ասածի ու արածի համապատասխանելիությանը: 

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրա կապիտալով մի մասնավոր անձ, օտար պետության քաղաքացի: Ես չգիտեմ՝ ինչի այս մասին սենսացիա չկա, ինչի մամուլը այդ մասին չի գրում: Դա պատի՞վ է բերում պետությանը, որ մի մասնավոր մարդ կառուցում ու մեր, պետության երեսով է տալիս: Դա անպատկերացնելի բան է: Ինչ ուզում է եղած լինի, այդ ատկատը ուրիշ տեղ հնարավոր չէ՞ր վերցնել, եթե ատկատ էիք վերցնում: Սա նոր խոսք է կոռուպցիայի մեջ»,- նշեց Եղոյանը:

Նրա խոսքով՝ այս մարդիկ հիմա էլ եկել ասում են՝ մենք Հայ առաքելական Եկեղեցու կողքին ենք: 

Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։ 

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն այսօր գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

  • Կիսվել: