չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք հայ գերիներին ծեծել են մինչև գիտակցության կորուստ․ Սահակյան

Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք հայ գերիներին ծեծել են մինչև գիտակցության կորուստ․ Սահակյան

Գերիներին բանտախցերում, հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է։ Գերեվարման մեջ հայտնվելիս, անկախ այն հանգամանքից, թե որ զինված ուժերը կամ զորամասերն են ներգրավված գերեվարմանը, ռազմագերիները համարվում են գերեվարած պետության պատասխանատվության ներքո գտնվող անձինք։ Ռազմագերիները անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, չի թույլատրվում նրանց պահել բանտերում և փակ շինություններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով գերիների պահման վերաբերյալ միջազգային ընդունված դրույթներին, ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Հստակ պահանջներ կան ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։ Նրանց պատիվը, արժանապատվությունը գտնվում է ուժեղացված պաշտպանության ներքո, չի թույլատրվում ենթարկել ֆիզիկական բռնության, տանջանքների։ Գերիներին տրամադրվող պայմանները չեն կարող նվազ վատ լինել՝ համեմատած նույն տեղանքում իրենց զինծառայողներին տրամադրվող պայմաններից։ Գործում են պարտավորություններ վիրավորների առնչությամբ։ Օկուպացնող պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել մարտի դաշտում վիրավորներին գտնելու և բուժօգնություն տրամադրելու համար»։

Սահակյանը ընդգծեց, որ կան հատուկ կարգավորումներ բռնի անհետացած զինվորների վերաբերյալ և ընդգծեց, որ այս պատերազմում ևս արձանագրվել են բռնի անհետացման դեպքեր։

«Շուրջ 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո, մնում են անորոշ։ Այս դեպքում պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են եղել, այլ նաև այն պաշտոնատար անձինք, որոնց թույլ հսկողության պատճառով հնարավոր է եղել բռնի անհետացումը»։

Անդրադառնալով պատասխանատվության մեխանիզմներին, Սահակյանը նշեց.

«Թեև պահանջներն այն էին, որ գերիները պահվեին ճամբարներում, նման ճամբարներ չեն ստեղծվել, գերիներն ի սկզբանե ազատությունից զրկվել են և խիստ մեկուսացվել, արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն չեն ունեցել, ինչը մեծացրել է խոշտանգումների հավանականությունը։ Խոշտանգումների հարցում ներգրավվածություն են ունեցել երեք ինստիտուտներ` Ռազմական ոստիկանությունը, որը գտնվում է ՊՆ-ի ենթակայության ներքո, երկրորդը Քննչական մեկուսարանն է, որը գտնվում է ԱԱԾ-ի ենթակայության ներքո, երրորդը Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարաններն են։ Եղել է հստակ ձեռագիր։ Ռազմական ոստիկանությունում անձիք ոչ միայն ենթարկվել են պատժիչ գործողությունների ու պարբերաբար ծեծի, այնտեղ գտնվելու ողջ ընթացքում գերիները զրկված են եղել սննդից, քնից, ջրից, գերիներին ստիպել են անընդհատ կանգնած մնալ, սառը գետնին անընդմեջ պառկել, նրանց վրա սառը ջուր են լցրել։ Պատժիչ ծեծը իր շարունակությունն է ունեցել ԱԱԾ մեկուսարանում, այստեղ գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք ծեծել են մինչև գիտակցության կորուստ։ Գերիները հետագայում տեղափոխվել են Արդարադատության նախարարության հսկողության ներքո գտնվող մեկուսարաններ, որտեղ ծեծը չի ունեցել նույն կանոնավորությունը, ինչ նախորդ հաստատություններում, բայց անձանց ենթարկել են ստորացումների»։ Սահակյանը ընդգծեց, որ իրենք ունեն լուրջ ապացուցողական բազա, որ այս երեք ինստիտուտները ներգրավված են եղել խոշտանգումների մեջ։

«Դրանք քրեորեն պատժելի արարքներ են։ Մեզ շատ հետաքրքրում է նաեւ քաղաքական պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչը հայտնի է միջազգային հանրությանը»։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ գերիների խոշտանգումների վերաբերյալ բոլոր փաստերը ամրագրված և փաստաթղթավորված է, դրանք ներկայացվել են միջազգային կառույցների ուշադրությանը։

  • Կիսվել: