2023 թ օգոստոսի 11–ից հետո ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ. Մինասյան
2023 թ. օգոստոսի 11–ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլևս չունի լիազորություններ։ Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա տեղեկացրեց, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցությանն առձեռն փոխանցել է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության լիազորությունների ժամկետի մասին` խմբակցության հարցման գրավոր պատասխանը։
«Հիմնավորման մեջ նշված է, որ երկու տարի շարունակ, ամեն տարի մեկ ամսով, հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետևաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է։ Այս հիմնավորման ապօրինի լինելու մասին համապատասխան գրությունն այսօր ուղարկելու ենք ՀՀ ԱԺ նախագահին և ակնկալում ենք, որ կարձանագրեք»,– ընդգծեց Մինասյանը։
Ըստ նրա` եթե իրենց հարցման պատասխանի հիմնավորմամբ ՀՀ ԱԺ–ն փորձի առաջ գնալ, ապա դա կարող է առաջ բերել քրեաիրավական հետևանքներ։
Նշենք, որ մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։