շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2020
«Ժողովուրդ»․ Ով է լինելու Վճռաբեկ դատարանի նախագահը. դատական համակարգում որոշում է կայացվել

«Ժողովուրդ»․ Ով է լինելու Վճռաբեկ դատարանի նախագահը. դատական համակարգում որոշում է կայացվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուց հետո կրքերը չեն հանդարտվում: Այժմ էլ դատական համակարգը որոշում է, թե ում պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, եւ այստեղ էլ խնդիրներն անպակաս են: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»:

Եվ, ահա, այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, մյուսը՝ Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում: Եվ արդյունքում ընտրությունը թերեւս կանգ առնի Գոռ Հակոբյանի վրա, չնայած պայքարից դեռեւս չի ցանկանում դուրս գալ Լիլիթ Թադեւոսյանը՝ հայտնի դատախազ Զելիմի դուստրը, որն էլ խորհրդարանում ներկայացրեց Երվանդ Խունդկարյանին՝ որպես ՍԴ անդամի թեկնածու: Թե ում վրա կանգ կառնի թեկնածությունը, ցույց կտա ժամանակը: Նկատենք, որ արդեն իսկ որոշված է, որ այդ գործընթացը համակարգելու է անձամբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ գալով խորհրդարան եւ ներկայացնելով իրենց թեկնածուին»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: