Ժողովրդի 90 տոկոսը տրամադրված է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահ է, որ պետք է նոր ընտրություններ լինեն առողջ պայմաններում՝ առանց գործող վարչապետի, անաչառ մարդկանց միջոցով, որոնք, ըստ նրա, շահագրգռված չեն ընտրությունները կեղծել։ Այս մասին Մանուկյանն ասաց այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կան մարդիկ, որոնք ընդունում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք հեռանա, բայց կարող է չընդունեն այս շարժումը՝ այս կամ այն պատճառով, մասնակիցների կամ գործունեության պատճառով, բայց այն, որ ժողովրդի 90 տոկոսը տրամադրված է Նիկոլ Փաշինյանի դեմ, դա հաստատ է՛՛:
Հարցին, թե հնարավո՞ր է հետ բերել կորցրածը՝ Արցախը, Մանուկյանը պատասխանեց. ՛՛Առաջինը մենք կարող ենք վերականգնել մեր ներքին հպարտությունը եւ հարգանքը մյուս ժողովուրդների կողմից, եթե կարողանանք ապահովել մեր անվտանգությունը եւ պետության զարգացումը։ Ինչ վերաբերվում է Արցախին՝ այն ծավալով, որն ունեինք, 7 շրջան եւ այլն, դա չէ մեր ձգտումը, մեր ձգտումը այն է՝ ինչ կար սկզբից։
Այսինքն՝ մեզ պետք է, որ Արցախն իր ամբողջությամբ լինի մի միավոր, որի ստատուսը ուզում ենք անկախ դարձնել, դա բանակցությունների հարց է, եւ բանակցող կողմերը հետ չեն քաշվել այդ նպատակից՛՛։