շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ժողովրդավարության բաստիոնը հարձակում է գործում խոսքի ազատության վրա․ Վարդանյանը` վիրավորանքը քրեականացնելու օրենքի մասին

Ժողովրդավարության բաստիոնը հարձակում է գործում խոսքի ազատության վրա․ Վարդանյանը` վիրավորանքը քրեականացնելու օրենքի մասին

Նախորդ գումարման Ազգային ժողովն իր վերջին շնչում 2021 թ․ հուլիսի 30-ին ընդունել է օրենք ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ, և այդ օրենքը արդեն իսկ գործում է։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Վերջինս ընդգծեց, որ այդ օրենքը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրության և մարդու իրավունքների ազատության ու պաշտպանության կոնվենցիայի հետ։

«Վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ` քրեաիրավական միջոցների գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական անձանց դեպքում։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել որոշ մարդկանց կողմից։ Սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ  քննադատությունը սահմանափակելու, պատժելու քրեական գործեր հարուցելու վերաբերյալ։ Վստահ եղե'ք, որ այդ բոլոր  քրգործերը վերաբերում են հենց այդ մեկ մարդուն և ընդդիմության նկատմամբ կատարված որևէ արտահայտությունների պարագայում իրավական հետևանքներ չեն առաջացրել»։

Վարդանյանը շեշտեց, որ օրենքի կիրառման դեպքում հնարավոր են կամայական մոտեցումներ։

«Պարզ չէ, թե այս օրենքում հասարակական գործունեության բնագավառներից ինչու են առանձնացրել միայն լրագրողական և  հրապարակախոսական գործունեությունները։ Ակնհայտ է, որ նույն արարքի համար չի կարելի միաժամանակ քրեական և քաղաքացիական գործեր հարուցել։ Այս օրենքը արդեն արձագանք է գտել միջազգային հանրության շրջանակում, ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում, իսկ «Freedom house»-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել հակասահմանադրական օրենքի կիրառումը։ Ես նկատում եմ, որ հայաստանյան  խոսքի և մամուլի ազատության մի շարք ՀԿ-ներ, որոնք մահաքնի մեջ էին վերջին երեք տարիներին, արթնացել են, և նրանք ևս այս ուղղությամբ աշխատելու են»։

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ այս օրենքն իր նպատակին չի ծառայելու։ «Մերժելով հայհոյանքը, հայհոյախոսությունը, պետք է ոչ թե սպառնալիքով սա դադարեցնել, այլ պետք է օրինակ ծառայենք։ Ինչպես երկրի բարձրագույն պաշտոնյաներն են իրենց պահում, հասարակությունն էլ իրեն այդպես է պահելու։ Մի մտածեք, թե մեր քաղաքացիները ձևերը չեն գտնելու իրենց գնահատականը տալու համապատասխան պետական պաշտոնյային։ Այս օրենքով Հայաստանը ակնհայտ հետընթաց է ապրում, ձեր սիրած նախկին իշխանությունները ապաքրեականացրել էին այս վիրավորանքի հոդվածները, դուք եկել եք և վերադառնում եք նախկին վիճակին։ Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության, մամուլի և մարդկանց կարծիքների ազատության վրա»։

  • Կիսվել: