երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել  բռնաճնշումների և անհանդուժողականության մթնոլորտում

Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել բռնաճնշումների և անհանդուժողականության մթնոլորտում

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները՝  անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:

 Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:

 Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:

«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»։

  • Կիսվել: