երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների և էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ հատուկ անդրադարձ կատարելով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հայկական պատվիրակությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։

Պատվիրակությունը ներկայացրել է զեկույցով վերհանված խնդիրների առնչությամբ Հայաստանի կողմից գրանցած առաջընթացը՝ ըստ ոլորտների: Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Դաշնագրի հոդվածների կիրառման համատեքստում արդարադատության ոլորտում ինչպես 2014-2019թթ. այնպես էլ 2019-2023թթ. պետության գրանցած առաջընթացը՝ անդրադառնալով Դաշնագրի հոդվածների օրենսդրական ապահովման և կիրառման, դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքի, իրավահավասարության ապահովման, ազգային փոքրամասնությունների իրավունքների անխոչընդոտ իրականացման, քրեակատարողական հիմնարկներում անչափահասների իրավունքների պաշտպանության, կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման, խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության և մի շարք այլ ոլորտներում կատարված օրենսդրական բարեփոխումներին և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախագծերին, հայտնում է hy.armradio.am-ը:

  • Կիսվել: