երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները

Զարեհ Սինանյանի մոսկովյան այցի մանրամասները

Գլխավոր հանձնակատարը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցական համալիր եւ հանդիպում ունեցել եկեղեցուն կից կրթական եւ եկեղեցական կառույցների ներկայացուցիչների, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի եւ ՀՅԴ հայ դատի մոսկովյան հանձնախմբի անդամների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Հանձնակատարը նշել է, որ միշտ ուրախ է խոսել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ներկայիս վիճակի եւ ակնկալվող արդյունքների մասին:

Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է սփյուռքում վերջին մի քանի ամսում կատարվող իրադարձությունները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով Մերձավոր Արեւելքի հայ համայնքների կացությանը: Հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կազմավորման գործընթացը, տարվող կադրային քաղաքականությունը, 2020 թվականի ծրագրերը՝ սկսած համազգային ներուժի քարտեզագրումից մինչեւ սփյուռքից լավագույն մասնագետների ներգրավում Հայաստանի պետական կառավարման համակարգին: Նա նաեւ ակնարկ է կատարել այս տարի իրականացվող համահայկական համաժողովին, որի ընթացքում սփյուռքի հայության հետ քննարկվելու եւ մշակվելու են ապագայի ծրագրերը:

Հանձնակատարը հակիրճ ամփոփել է անցած տարվա ծրագրերը եւ ճանաչողական այցերի արդյունքները: Այնուհետ հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով: Երկու ժամ շարունակ ներկաները հանձնակատարին հարցեր են ուղղել մշակութային ծրագրերի, Հայաստանում իրականացվող դատական բարեփոխումների, երկրի կյանքին սփյուռքի լայն ներգրավման խնդրի, հայրենադարձության գործընթացի խոչընդոտների, զինվորական ծառայության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ուշացումների մասին:

Հարցեր են հնչել սփյուռքի խորհրդի ձեւավորման վերաբերյալ, որին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ գալիք համաժողովի ժամանակ օրակարգային է լինելու նաեւ այս հարցը: Ներկաներին հետաքրքրում էր, թե արդյոք հանձնակատարն իր ներկայացուցիչներն է ունենալու սփյուռքի տարբեր համայնքներում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ չի բացառվում, որ խոշոր հայկական համայնքներում այս ձեւաչափը ներդրվի:

Զարեհ Սինանյանն այցելել է նաեւ «Проэкспо 2020» միջազգային ցուցահանդես, շրջել հայկական տաղավարում, որտեղ ներկայացված 23 ընկերությունները 5 օր շարունակ ցուցադրում են հայկական արտադրանքը:

  • Կիսվել: