Զարեհ Սինանյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Սփյուռքում քիչ հայեր են մնացել, որ աջակցում են գործող իշխանություններին
Այո, երբ սփյուռքում միջոցառում է կազմակերպվում, տեղի թեմի առաջնորդները, հոգևորականները հրավիրվում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Միշտ էլ դա այդպես է լինում»,-նշեց նա։
Հացին՝ ինչո՞վ է պայմանավորված սփյուռքում գործող իշխանության վարկանիշի նվազումը՝ Սինանյանը պատասխանեց.«Ես ձեր այդ որակումն արհամարհելու եմ որպես իրականությանը չհամապատասխանող բան։ Ձեր որակավորումն ինձ համար զրոյական նշանակություն ունի։
Այդպես չէ։ Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհություն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Դա շարունակվում է նաև հիմա։ Դուք ուզում եք սենսացիոն բաներ լսեք։ Մարդիկ դժգոհում են, քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի։ Մենք այս պահին կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն այսօր զրկվել են իրենց պատմական հայրենիքից։ Մեր՝ մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է Արցախում»։
Դիտարկմանը, թե փաստորեն ինքն Արցախը պատմական հայրենիք է համարում, այսինքն՝ Փաշինյանի հետ համակարծիք չէ, քանի որ վերջինս Արցախը համարում է Ադրբեջանի մաս՝ Սինանյանն արձագանքեց.«Մի րոպե, պատմական հայրենիքն ի՞նչ կապ ունի ադմինիստրատիվ տարածքի հետ։ Բա դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանի ադմինիստրատիվ տարածքում է գտնվում Արցախը»։
Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց՝ Ռուսաստա՞նը, նախկիննե՞րը, թե Արցախի իշխանությունը, Սինանյանը նշեց, թե մենք ազգովի չպատրաստվեցինք Արցախը պաշտպանելու համար:
«94 թվականից հետո ունեինք բացառիկ հնարավորություն մեր այդ ձեռքբերումը պաշտպանելու, չարվեց, դրա հետ մեկտեղ չկարողացանք ստեղծել այն դիվանագիտական համակարգը, հարաբերությունների ամբողջ կոմպլեքսը, որ մեզ հնարավորություն կտար ապահովել որոշ երկրների աջակցությունն այդ հարցում»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ մենք ասելով ում նկատի ունեք, նա ասաց՝ հայ ազգը: