CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
Փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման դեպքը ուսումնասիրել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) և արձանագրել, որ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման։ Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):
Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:
Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։
Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։
CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի: Մասնավորապես, CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։
CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։
CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։
CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։
Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։
ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում»,- նշվում է հայտարարության մեջ։



