չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Մենք շատ ուշադիր և զգոն ենք. Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին

Մենք շատ ուշադիր և զգոն ենք. Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ գործողություն արվում է այս ուղղությամբ:

«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։

Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում։ Իհարկե, պետք է ուղիղ աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ամբողջովին հասկանալու պատկերը։

Եվ ամբողջովին պատրաստ լինելու համար, եթե այս ամբողջ տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվեն, և մեր մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր է։ Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով՝ սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։

Այնպես որ, մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև Աֆրիկայի որոշ երկրներում Էբոլայի հետ կապված բռնկումներին։ «Այս մասով էլ մենք աշխատանքային օպերատիվ խմբի տրամաբանության մեջ հետևում ենք։ Գիտեք՝ մեր երկրում զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ընդլայնման տրամաբանության մեջ շատ ուշադիր այս մասով էլ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում ենք»,- նշեց նա։

  • Կիսվել: