կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ըստ Քոչարյանի՝ ընդդիմության խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է. ընդդիմությունը հակադարձում է

Ըստ Քոչարյանի՝ ընդդիմության խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է. ընդդիմությունը հակադարձում է

ՀՀ ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանը իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ելույթներով հակադարձեցին միմյանց. Իշխանական պատգամավորն այն համոզմանն է, որ ընդդիմության համար խնդիրը Սեդա Սաֆարյանի անձն է, իսկ ընդդիմությունը պնդում է՝ իրենց խնդիրը խախտումն է, փորձում են ՍԴ-ն պահել որպես ՍԴ:

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց. «Իմ խորին համոզմամբ՝ խնդիրը խախտումների մեջ չէ: Խնդիրը Սեդա Սաֆարյանն է: Նրա գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին»:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Սեդա Սաֆարյանի «հետևից ոչ ոք չի ընկել»: Ուղղակի փորձ է արվում ՀՀ սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան, որ, երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, որևէ վայրկյան չկասկածի ՍԴ-ի որոշման համար»:

Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ կարծիք հայտնեց, թե իշխանական պատգամավորներն իրենք իրենց ձևակերպումներով փաստում են, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել օրենքի խախտում: «Դուք ձեր հարցադրումներով, ըստ էության, փաստում եք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, բայց դուք վերջնական որոշում կայացնելու մարմինը չեք: Թող գնա Սահմանադրական դատարան, ՍԴ-ն որոշի»,-ասաց Խամոյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ արձագանքեց Խամոյանին՝ իշխանականներն արդարացում չեն փնտրում, փաստ է, որ այո, կարգի խախտում կա, կարգի խախտման պատճառը հստակ է:

«Հարցը հերթական անգամ ՀՀ օրենսդրության անկատարությունն է: Մարդը դիմել է հարկային մարմիններ և փաստացի արդեն որևիցե գործողությամբ չի զբաղվելու, սակայն չի դիմել իր ԱՁ-ն լուծարելու համար: Մեր պետությունում օրենքները գրվել են նրա համար, որ քաղաքացուն քաշքուկի մեջ դնեն: Փաստացի մարդն իր գործունեությունն ավարտում է, սակայն պետք է բացի դրանից գնա մեկ թուղթ էլ այլ հիմնարկում լրացնի»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: