ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա

Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին։ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակը օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է․ «Համավարակի շրջանում, երբ սպասում ենք, որ բախումները պետք է ավարտվեն, երբ ջանում ենք այս իրավիճակը վերափոխել երկխոսության և խաղաղության առիթի, Հայաստանն այս ընկալմանը հակառակ է գործում և օգտագործում է համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես ականատես եղանք Ադրբեջանի տարածքներին ուղղված հարձակումների պարագայում»։

Ֆորումին տեսակապով մասնակցել են նաև Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ճապոնիայի ԱԳ հարցերով պատասխանատու պետնախարար Սուզուկի Կեիսուկեն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջահաբանան։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

  • Կիսվել: