կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
«Տրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել

«Տրուդի» փոթորիկը հարվածել է Մեքսիկային․ ջրհեղեղների մասին նախազգուշացում է հայտարարվել

«Տրուդի» փոթորիկը Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափ է բերել հորդառատ անձրևներ և ուժգին քամի։ ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնը նախազգուշացրել է կյանքին վտանգ սպառնացող ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին, հաղորդում է Associated Press-ը։

Կենտրոնի վերջին տվյալներով, երկրորդ կարգի փոթորիկը շարժվում էր դեպի հյուսիսարևմուտք՝ Մեքսիկայի ափի երկայնքով, մոտ 17 կմ/ժ արագությամբ։ Քամու կայուն արագությունը հասնում էր 165 կմ/ժ-ի։ Փոթորկի մասին նախազգուշացումը գործում էր ափամերձ հատվածում՝ Կոլիմա նահանգի Մանսանիյո քաղաքից մինչև Խալիսկո նահանգի Կաբո-Կորիենտես հրվանդանը։

Սպասվում էր, որ «Տրուդի»-ի կենտրոնը կմնա ափին մոտ մինչև կիրակի երեկո, իսկ երկուշաբթի և երեքշաբթի կանցնի Բախա Կալիֆոռնիա թերակղզուց հարավ։ Մարիաս կղզիների համար շարունակվում էր արևադարձային փոթորկի մասին նախազգուշացումը։ Պունտա-Սան-Տելմո հրվանդանից մինչև Լասարո-Կարդենաս ընկած ափի համար նախազգուշացումը չեղարկվել է։

Կանխատեսումների համաձայն, հանգստյան օրերին փոթորիկը կբերի 10-ից 20 սմ տեղումներ, իսկ Միչոական, Կոլիմա և Խալիսկո նահանգների առանձին շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 30 սմ-ի։ Մեքսիկայի ռազմածովային ուժերը նավաստիներին և ափամերձ շրջանների բնակիչներին կոչ են արել առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել բարձր ալիքների, գետերի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների և սողանքների պատճառով։

Կոլիմայի իշխանությունները ներկայիս ռիսկերը գնահատել են որպես ոչ բարձր, սակայն նախազգուշացրել են, որ նոր հորդառատ անձրևները կարող են ավերածությունների հանգեցնել․ հողն արդեն գերհագեցած է խոնավությամբ նախորդ փոթորիկներից հետո։

Միևնույն ժամանակ, չորրորդ կարգի «Չամպի» գերթայֆունը հեռանում է Գուամ կղզուց։ Կղզու հարավային ծայրամասի մոտով անցնելուց հետո այն գտնվում էր նրանից մոտ 320 կմ դեպի արևմուտք և շարժվում էր դեպի արևմուտք՝ մոտ 23 կմ/ժ արագությամբ։ Քամու կայուն արագությունը հասնում էր 240 կմ/ժ-ի։ Սպասվում է, որ մինչև երկուշաբթի թայֆունը կթուլանա, բայց կմնա հզոր արևադարձային ցիկլոն։ Գուամի և Հյուսիսային Մարիանյան կղզիների համար բոլոր փոթորկային նախազգուշացումները չեղարկվել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գուամում արտակարգ դրություն մտցնելը։ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը համակարգում է օգնությունը տարածքին։ Թայֆունի պատճառով փակվել են օդանավակայանները, նավահանգիստները և որոշ բժշկական հաստատություններ։ Գործակալության գնահատմամբ, ռեսուրսների առաքումը կղզիներ կարող է տևել երեքից հինգ օր։

Գուամը և Հյուսիսային Մարիանյան կղզիները շարունակում են վերականգնվել «Սինլակու» և «Բավի» գերթայֆուններից հետո, որոնք հարվածել էին տարածաշրջանին 2026 թվականի ապրիլին և հուլիսին։

  • Կիսվել: