չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը

Հոկտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Այս մասին հայտնում է Փոխվարչապետի աշխատակազմը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը հասարակական ու տնտեսական առաջընթացի կարեւոր նախապայմաններից է: Այս առումով փոխվարչապետը նաեւ բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում:

Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա ծրագրերը եւ նախաձեռնությունները` նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում կառույցը իր առաքելությունն իրականացնելու հարցում զգալի արդյունքների է հասել եւ ընդհանուր առմամբ երկրում երեխաների բարեկեցությունը առաջընթաց է գրանցել:

Նա նաեւ գոհունակություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի նկատմամբ կառավարության աճող ուշադրություն կապակցությամբ:

Տանյա Ռադոչայը նշել է, որ հաշվի առնելով կառավարության մեկնարկած նախաձեռնությունները բնակչության աճը խթանելու ոլորտում, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը:

Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ներդրումը երեխաների բարօրությունում դա ներդրում է Հայաստանի ապագայում: Իսկ երեխաների եւ դեռահասների համար լավ պայմանների ստեղծումը մեծապես նպաստում է ներառական հասարակության ձեւավորմանը:

Տիգրան Ավինյանը եւ Տանյա Ռադոչայը քննարկել են նաեւ մարզերում նախադպրոցական հաստատությունների ծածկույթի մեծացմանը եւ երեխաների ոլորտում վիճակագրությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: