չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը շատ լավ գիտի՝ ընտրությունների պարագայում իշխող ուժը հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմությունը արտահերթ ընտրություններից հրաժարվել է, քանի որ գիտի՝ իշխող ուժը հաղթանակ կտանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է: ՀՀ-ում որևէ ղեկավար իր պաշտոնավորման ընթացքում չի ունեցել նման վարկանիշ, ինչքան այսօր ունի Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Սիմոնյանը:
 

Նրա խոսքով՝ դա պարզ է դառնում ոչ միայն սոցհարցումներից, այլ նաև՝ ընդհանուր շփումներից, մարդկանց հետ հանդիպումներից: «Նույնիսկ ընդդիմությունը դա գիտի: Դա էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների, քանի որ ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նոր ընտրությունների պարագայում իշխող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի հարաբերակցությամբ հաղթանակ կտանի: Ես պնդում եմ, որ դա է եղել հիմնական պատճառը, որ ընդդիմությունը խուսափեց ժողովրդին հարցնելուց, թե Հայաստանի ապագայի հետ կապված իրենք ինչ կարծիք ունեն»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունե՞ն ընդդիմության կողմից հայտարարված հանրահավաքների առնչությամբ, այն առնչությամբ, որ քաղաքացիների թիվը կարող է կրկնապատկվել՝ Սիմոնյանը քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալը համարեց ամենասխալ բանը՝ շեշտելով, որ քաղաքացիներն են երկրի տերը: «Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խոչընդոտվում՝ ի տարբերություն անցյալի: Հիմա էլ մարդիկ կարող են հանրահավաքներ անել: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան օրինակ 2-3 ամիս առաջ»,-ասաց Սիմոնյանը:

Նա ցավալի համարեց, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության՝ նոր ընտրությունների գնալու առաջարկը և ընտրեց փողոցային պայքարի տարբերակը, սակայն շեշտեց, որ դա նրանց իրավունքն է: «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենց իրավունքը իրագործվի»,-նշեց Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ Սիմոնյանն ասաց, որ իշխանությունը օրենքի շրջանակում պահպանելու է Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոնը և օրինականությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները մի քանի շարքով կանգնում կառավարական շենքերի մոտ, իշխանության մոտ վախի զգացո՞ւմ կա, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է բնականոն աշխատանքն ապահովելու համար: Խոսելով այն մասին, թե ինչու նախկինում այդպես չէր, նա ասաց, որ նախկինում ընդդիմության լիդերների կողմից ծայրահեղ հայտարարություններ չէին հնչում, բռնության կոչեր չէին լինում: «Բնականոն աշխատանքն ապահովելու, ինչպես նաև ընդդիմության բնականոն գործունեությունը՝ ցույցերի և հավաքների միջոցով իրենց իրավունքն իրագործելու առումով ոստիկանությունը ապահովում է կարգ ու կանոնը»,-ասաց Սիմոնյանն ու շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին՝ լավ աշխատանքի համար, որ որևէ մեկը չի տուժել:

  • Կիսվել: