շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմությունը մեզ մեղադրում էր ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, հիմա Լավրովը քարտերը բացեց. Վիգեն Խաչատրյան

Ընդդիմությունը մեզ մեղադրում էր ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն վարելու մեջ, հիմա Լավրովը քարտերը բացեց. Վիգեն Խաչատրյան

Ես չեմ կարող ասել, թե տեքստն ինչպիսին կլինի, բայց այնպիսին կլինի, որը չի խաթարի Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրին:

Դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստան Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում, նա արձագանքեց. «Ալիեւն ինչ ուզի կասի, ես չեմ կարող մեկնաբանել Ալիեւի ասածները»:

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունն իր վարքով ադեկվատ չի ստեղծված իրավիճակին եւ առկա վտանգներին, պատգամավորն ասաց. «Ընդդիմությունը եւ մեծամասնությունը մրցակցության մեջ են, որ հերթական ընտրություններում ժողովուրդը որոշի՝ ում վստահի իշխանություն: Մեկը մյուսի դատավորը չի եւ պետք է խուսափի գնահատականներ տալուց: Եթե ընդդիմությունը գտնում է, որ մենք ադեկվատ չենք, դա ենթադրում է, որ իրենք ուրիշ ասելիք ունեն: Այսինքն պետք չի միմյանց գնահատականներ տալ, պետք է լուծումներ առաջարկել: Օրինակ, ընդդիմությունը մեզ մեղադրում էր, որ ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն ենք վարում, հիմա Ռուսաստանը քարտերը բացեց: Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց ՌԴ պատկերացումները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Իմիջայլոց, Լավրովը «լեռնային» բառը չէր օգտագործում, տպավորություն էր, որ Ալիեւն է խոսում: Հիմա ադեկվա՞տ է ընդդիմության արձագանքը Լավրովի պահվածքին: Ադեկտավտության մասին խոսելիս պետք է իրենք ադեկվատ լինեն»:

Ինչ վերաբերում է բանակցողին փոխելու ընդդիմության պահանջին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Նրանք այդ պահանջը դրեցին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, հայտարարվեցին արտահերթ ընտրություններ, որտեղ ժողովուրդը պետք է որոշեր՝ պատերազմի մեղավորն ով է, ով իրավունք չունի բանակցելու եւ բերի նոր իշխանություն: Ժողովուրդը որոշեց, որ պատերազմի մեղավորը եւ չպետք է բանակցեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտը Քոչարյանը, նրանց մերժեց ու նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Եթե իրենք կարծում են, որ իրավիճակը փոխվել է, կարող են նորից պահանջել արտահերթ ընտրություններ»:

  • Կիսվել: