շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր՝ իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ. Վանեցյան

Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր՝ իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ. Վանեցյան

Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց արդեն երկրորդ օրը բողոքի ակցիա անող՝ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նա նշեց. ՛՛Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով կտեսնեք այս եւ այլ գործողությունների զարգացումը՛՛:

Վանեցյանի խոսքով՝ եթե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, մենք կարճ ժամանակում կհասնենք արդյունքի եւ վերջնական նպատակին՝ հզոր Հայաստան ու Արցախ, տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքացիների բարեկեցիկ կյանք։

՛՛Սա պայքար է հանուն հայության, հանուն Արցախի եւ Հայաստանի, ոչ թե հանուն իշխանության։ Բայց միջանկյալ խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։ Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու հարցին, համարեք, որ մենք դրել ենք, մենք այստեղ ենք՝ ժողովրդի հետ, երկրի վրա՛՛,-նշեց պատգամավորը:

Վանեցյանն ասաց, որ ինքը չգիտի էլ ինչի մասին խոսի խորհրդարանում, որտեղ հնարավոր են համարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինի։ ՛՛Մանդատը վայր դնելը տեխնիկական խնդիր է։ Բայց իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչեւ վերջ հասցնելու համար՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: