Իշխանություններին այս պահին հարկավոր PR ակցիայի իրականացման համար քանդում են ԱԱԾ ամբողջ համակարգը. Վանեցյան
Անկախ նրանից՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ «ԿԳԲ գործակալ» լինելու մասին լուրն ու դա «հաստատող» «փաստաթուղթը»՝ ԱԱԾ կողմից տրամադրված իշխանական լրատվամիջոցին, ճիշտ է, թե սուտ, դրա հրապարակումն ամոթալի է, իսկ ԱԱԾ կողմից նման «փաստաթղթի» տրամադրումը ԶԼՄ-ին՝ խայտառակություն: Այս մասին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր չէ՝ Եզրաս Սրբազանը կամ այլ ինչ-որ մի անձ գործակալական ցանցում եղե՞լ են, թե՞ չեն եղել։ Կարևորն այն է, որ ԱԱԾ սրբության սրբոց համարվող տեղեկատվությունը, այսինքն՝ գործակալական ցանցը չբացահայտելու ուխտը, որ տրվել է, այսօր խախտվում է՝ ինչ-որ մի լրատվականի հարցումով։ Իշխանություններին այս պահին հարկավոր PR ակցիայի իրականացման համար քանդում են մի ամբողջ համակարգ։ Դա ուղղակի զզվանք է առաջացնում»:
Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ համակարգը խարխլելու միջոցով իշխանություններին հաճոյանալն անթույլատրելի է. այդպիսով քանդվում են նաև պետության հիմքերը:
«Եթե անվտանգությունը խարխլվի, անվտանգություն չլինի, պետություն էլ չի լինի»,-նշել է Վանեցյանը:


