շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում  «ոչ դիվանագիտական են» համարել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները

Վրաստանում «ոչ դիվանագիտական են» համարել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում օրական 1-2 դեպք է լինում և ոչ բոլոր դեպքերն են հաստատվում ու դառնում վիճակագրության մաս: 

Նա նաև տեղեկացրել է, որ կա մեթոդաբանության տարբերություն թեստավորման առումով:

Թորոսյանի խոսքերով, մեթոդաբանության տարբերություն կա թեստավորվող քաղաքացիների, ինչպես նաև այն թեստերի մասով, որոնք վրացիները հաշվարկում են որպես թեստ.

«Ես իհարկե 100 տոկոսով ինֆորմացիա չունեմ, բայց հնարավոր է, որ Վրաստանի արած թեստերի 40 տոկոսը Փիսիառ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի չեն»։

Վրացի պաշտոնյան նշել է, որ անձամբ ծանոթ է Թորոսյանի հետ և նրանից չէր սպասում նման արտահայտություններ։ Ապա նա նշել է, որ հավանական է, որ նախարարի խոսքերը այնպես չեն մեկնաբանվել, ինչպես նկատի է ունեցել Թորոսյանը։ Վրաստանի ՀՎԿԱԿ ղեկավարը անդրադարձել է նաև թեստավորումների մեթոդաբանության հնարավոր տարբերությանը։

«Ո՛չ, պարոն Արսեն։ Այն 46 կամ 47 հազար թեստերը, որ մենք անում ենք երկրում, բոլորը PCR թեստեր են։ Այս թվի մեջ մենք չենք հաշվում մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բուժհաստատություններում»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

  • Կիսվել: