երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեծ ողբերգություն չէ այն հանգամանքը, որ Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին․ Փաշինյան

Մեծ ողբերգություն չէ այն հանգամանքը, որ Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի շրջանում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործի մասին վերջին քննադատություններին․ 

«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու, նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու։ Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ։ Քաղաքական առումով սա ևս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավարական կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը», որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Իրավական առումով՝ հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում՝ դատաքննությունը, որը, ենթադրում եմ, լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին։ Ես մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլին, որովհետև գիտեմ նաև իրավապահ մարմինների ձգտումը, որ եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կամ դատարանում կարող է փլուզվել, ավելի լավ է գործը չսկսել»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ մեծ ողբերգություն չէ այն հանգամանքը, որ Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին։

Փաշինյանը նաև նշել է, որ Թորոսյանի հետ պարբերաբար հանդիպում են, առնվազն՝ ՔՊ վարչության՝ ամեն շաբաթ տեղի ունեցող նիստերի ժամանակ։

  • Կիսվել: