ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործն ինձ հետ ընդհանրապես որևէ կապ չունի․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների մասին

Գործն ինձ հետ ընդհանրապես որևէ կապ չունի․ Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի ժամանակ չարաշահումների մասին

«Սա ինձ հետ ընդհանրապես որևէ կապ չունի»,- քովիդի գործին անդրադառնալով ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես շատ հստակ իմ երկու հաղորդագրությունների մեջ կետերով նշել եմ պրոբլեմների մասին և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք զբաղվում են  այդ պրոբլեմներով, նաև իրենց ներքին ընթացակարգերով կփորձեն հասկանալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել և ի վերջո արդարադատությունը կհաղթի»,- նշեց նա։

Խոսելով մեղադրանքների վերաբերյալ՝ Թորոսյանը նշեց․ «Նորից եմ ուզում կրկնել, որ այն մեղադրանքները, որոնք այդ տեքստի մեջ գրված էին որևէ կերպ չէին կարող առնչվել  հիվանդների դուրս գրման խմբերի ղեկավարին և ԱՆ փոխնախարարին, որովհետև նման վերահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել  և չէին կարող ունենալ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված ինչ-որ հանցավոր  խումբ չէր աշխատում, ինչի վերաբերյալ ապացույցներ այս պահին ես առնվազն գիտեմ որ չկան և այդ հրապարակման մեջ լրիվ ուրիշ բանի մասին էր խոսվում, ինչի վերաբերյալ հայտարարություն եմ արել։

Նորից եմ կրկնում պետք է բոլոր հարցերը պատասխան ստանան, թե չէ կստացվի որ ցանկացած պաշտոնյայի  ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել, անկախ նրանից՝ այդ ինչ-որ բանը  պետք է աներ, թե չպետք է աներ»,- նշեց Թորոսյանը։ 

Նա հավելեց․ «Ինձ չեն կանչել հարցաքննության և դա բարձրացրածս հարցերիցս ամենակարևորն է, որովհետև ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնար, չնայած որ արդեն առ ոչինչ է»։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Գործով կալանավորվել են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, Թոքաբանության ազգային կենտրոնի դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

  • Կիսվել: