երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ առաքելությունը կաշխատի Լիբանանի զինված ուժերի և ներքին անվտանգության ուժերի կարողությունների ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև կնպաստի ծովային անվտանգության կառավարման համակարգի զարգացմանը:

Առաքելությունը նախատեսված է Լիբանանի ինքնիշխանության, պետական ​​ինստիտուտների և երկրում երկարաժամկետ կայունության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա սկզբնական մանդատը կլինի երեք տարի։

Հայտարարության մեջ նաև ասված է, որ առաքելությունը կներառի երկու բաղադրիչ՝ ռազմական և քաղաքացիական, որոնք կգործեն մեկ քաղաքական մանդատի շրջանակում՝ կատարելով փոխլրացնող առաջադրանքներ։ Ռազմական բաղադրիչը կկենտրոնանա Լիբանանի զինված ուժերին խորհրդատվական աջակցություն տրամադրելու վրա՝ ցամաքային սահմանների պաշտպանության ու ծովային անվտանգության ապահովման ոլորտներում: Մասնավորապես, նախատեսվում է աջակցել սահմանների հսկողությանը և վերահսկողությանը, հետախուզական կարողությունների զարգացմանը, դիտարկմանը և հետախուզմանը, մաքսանենգության դեմ պայքարին և օպերատիվ համակարգման կատարելագործմանը:

Քաղաքացիական բաղադրիչը կկենտրոնանա ներքին անվտանգության ուժերի կարողությունների ամրապնդման վրա։ Այն նախատեսում է խորհրդատվական օգնություն և մասնագիտացված վերապատրաստում, այդ թվում՝ կիբեռհանցագործության և մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման կայուն մեխանիզմների զարգացում:

Առաքելության առանձին ուշադրության կենտրոնում է նավահանգստային անվտանգության կառավարման համակարգերի բարելավումը, այդ թվում՝ Բեյրութի նավահանգիստը։ Ավելին՝ ԵՄ առաքելությունը կլրացնի Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով տրամադրվող օգնությունը և կհամակարգի գործունեությունը ԵՄ ինստիտուտների, անդամ պետությունների, ՄԱԿ-ի և Լիբանանի անվտանգության ոլորտին աջակցող մյուս միջազգային գործընկերների հետ։

  • Կիսվել: