ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը, այդ թվում՝ դեպի Հայաստան․

Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը, այդ թվում՝ դեպի Հայաստան․

Վրաստանյան սոցցանցերում հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ ցամաքային  սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան-ՀՀ սահմանը։

Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:

«Վրաստանն իր քաղաքացիներին  թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշեցին ծառայությունից ու հավելեցին, որ տեղեկություն չունեն, թե երբ  հնարավոր կլինի առանց խնդիր այցելել հարևան երկիր:

Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են  մուտք գործել ՀՀ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում)»,- նշված է ՀՀ Առողջապահության նախարարության  տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: