Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը
Լատվիայի ազգային զինված ուժերը կանխել են առնվազն 20 անօրինական միգրանտներից բաղկացած խմբի փորձը՝ անօրինական կերպով հատելու Լատվիայի պետական սահմանը Բելառուսի կողմից: Այս մասին հաղորդել է երկրի Ազգային զինված ուժերը (NBS):
«Այս շաբաթ Ազգային զինված ուժերը կրկին բախվեցին Բելառուսից Լատվիա անօրինական միգրանտների միտումնավոր կազմակերպված ներխուժման հետ։ Այս անգամ առնվազն 20 անօրինական միգրանտից բաղկացած խումբը, դիմակավորված ուղեկցորդների գլխավորությամբ, փորձել է անօրինական կերպով հատել Լատվիայի պետական սահմանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ խմբի դիմակավորված ուղեկցորդները զինված են եղել և սպառնացել են լատվիացի զինվորներին, և ակտիվորեն խրախուսել ու ուղղորդել են միգրանտների խմբին դեպի Լատվիա։
Ազգային զինված ուժերի գնահատմամբ՝ այս սադրանքը տարբերվում էր նախորդ շատ դեպքերից ուղեկցորդների հատկապես ագրեսիվ գործողություններով։
«Այս միջադեպը հաստատում է, որ Լատվիա-Բելառուս սահմանին կշարունակվեն կանխամտածված սադրանքներն ու հիբրիդային սպառնալիքները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ անօրինական միգրացիան օգտագործվում է որպես գործիք՝ Լատվիայի և, միևնույն ժամանակ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի արտաքին սահմանի վրա ճնշում գործադրելու համար:
Լատվիայի ազգային զինված ուժերը հայտարարել են, որ կշարունակեն աջակցություն ցուցաբերել Լատվիա-Բելառուս և Լատվիա-Ռուսաստան սահմաններին գտնվող պետական սահմանապահ ծառայությանը՝ անօրինական միգրացիայի հետևանքով առաջացող մարտահրավերներին, սադրանքներին և այլ հիբրիդային սպառնալիքներին համատեղ արձագանքելու համար։



