Առողջության ապահովագրության համար 10800 դրամը դեռ չի փոխվելու, բայց հետագայում կարող է բարձրանալ. Հայկ Բաբայան
Առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրում ընդգրկվել են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում նաև այն քաղաքացիները, որոնք սոցիալական փաթեթ ծրագրից օգտվելու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմվերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։
«Հիմա քանի որ սոցփաթեթի հնարավորությունը նրանց համար վերանում է, այդ ամսական 6000 դրամները, կոպիտ ասած, նրանք չեն ստանալու, այդ ծախսը փոխանցվելու է պետությանը։ Այսինքն այն մոդելը, որը այս պահին շրջանառվում է, որ պիտի լինի գործատուի մասնակցություն, պետության մասնակցություն ցածր աշխատավարձ ստացողների մասով և աշխատող քաղաքացու մասնակցություն ու աշխատող քաղաքացու բեռը փոքր էր, որ նա կարողանար այդ բեռի տակից դուրս գալ գոնե նախնական շրջանում, ապա այդ բեռը կիսում էին գործատուն և պետությունը, իսկ տվյալ դեպքում, քանի որ մենք խոսում ենք պետական աշխատողների մասին, ապա նրանց բեռը ամբողջությամբ ընկնելու է պետության վրա»,–ասաց նա։
Բաբայանի խոսքով, մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների թիվը, որոնք միանալու են ապահովագրության համակարգին, բավականին մեծ է՝ 340-350 հազար, և այդ թիվը հիմնականում աճում է դեպի վերև։
«Նոր խմբերից են նաև պայմանագրային աշխատողները, որոնց մասով թվային ցուցանիշներ չեմ կարող ներկայացնել, որովհետև այդ թիվը էլի ունի լրացուցիչ ճշգրտման կարիք, և նաև երրորդ թիվը, որը մենք ակտուալական կանխատեսումներով կարող ենք միայն ստանալ ու մեր ստացած թվերը դեռևս բացահայտման ենթակա չեն, դա այն ցուցանիշն է, որ ընտանիքի մի անդամի քաղաքացիները կարող են ապահովագրել լրացուցիչ իրենց ցանկությամբ։ Չաշխատող ընտանիքի անդամի, որը սոցիալական խմբի չի պատկանում կամ 18-ից 65 տարիքային միջակայքում է ընկնում, և մեր օբյեկտիվ գնահատումներով մենք պատկերացնում ենք մոտավորապես այդ թիվը»։
Ես կարող եմ հիմնադրամի տեսանկյունից նշել նաև, որ 10800 դրամ գումարը, որը սահմանված է եղել անցյալ տարի, ցույց է տվել, որ գործունակ է, այդ թիվը ճիշտ է, այսինքն ռեֆորմի փուլում հաշվարկները օբյեկտիվ են եղել ու բարեբախտաբար անսպասելի ինչ-որ շոկային զարգացումներ չեն եղել կամ եղել են շատ փոքր։
Հիմնադրամի հատուցումների գործակիցը ընդամենը 93-95% է կազմում, ինչը խոսում է հիմնադրամի կենսունակության ու կայունության մասին, և հաշվի առնելով, որ այս տարի միացող խմբերը ամենախոցելի խմբերն էին, դա 65+ և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, ու իրենց ծախսերը ամենամեծն էին լինելու հիմնադրամի տեսանկյունից, մենք այն գիտակցությունն ունենք, որ մյուս տարի միացող խմբերի ծախսային ծանրաբեռնվածությունը այդ աստիճանի բարձր չի լինելու։
Հետևաբար, սահմանված 10800 դրամը պահպանվել է նույնը, բայց ժամանակի ընթացքում, եթե ծառայությունները ընդլայնվեն, օրենքը թույլ է տալիս գինը բարձրացնել։ Վերին շեմ կա առաջիկա մի քանի տարիների համար հաշվառված, գինը բարձրանալու է ըստ ծառայությունների ծածկույթի ընդլայնման»,– ընդգծեց նա։



