հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետը՝ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերի սահմանների մասին

Վարչապետը՝ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերի սահմանների մասին

Տեղյակ եք, որ Սյունիքում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրպես Հայաստանի անվտանգության ապահովման տեսնակյունից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն դեպքում մեր դիրքորոշումն այն է, որ մենք այս գործողությամբ ավելացնում ենք Հայաստանի անվտանգության երաշխիքները: Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր:

Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,-ասաց նա:

Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել:

«Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ:

  • Կիսվել: