երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան

Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան

ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել: Այդ մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ գործընկերների զեկույցի մասին հարցին:

«Հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել՝ իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ:

Բայց նաև չեմ ուզում հարցից խուսափել: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը՝ իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնելու:

Հիմա քաղաքական մասով ուզում եմ ասել, որ մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում [պարտավորությունները] և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն, չեն խախտի: Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին:

Ինչևէ, մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, այս և այլ զանազան որոշումներ կայացնելու իրավունքը: Սա գոնե սակարկության առարկա չենք դարձնելու: Մենք կփորձենք կառուցողական ներգրավում ունենալ և խոսակցություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: