Ես Գագիկ Ջհանգիրյանը չեմ, եթե նկատել եք. Ռուբինյանը՝ հոկտեմբերի 27–ի բացահայտված չլինելու մասին
Ոչ ոք ավելի շատ քաղաքական կամք չունի, քան մենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային և արտաքին ճնշման ենթարկվելուց չվախենային, հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասով կբացահայտվեր։
«Այլ հարց է, թե ինչու հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ որ դա ամենահեշտն էր անել, անմիջապես այդ ոճրագործությունից հետո։
Այդ ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչու նրան չհաջողվեց բացահայտել։ Ինքն էր ասում, որ սա ուչաստկովիի մակարդակի գործ է, բա ուչաստկովի մակարդակի գործը ինչու չբացահայտեցին։
Ես ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանն էլ Ազգային անվտանգության նախարար էր, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը էլի նախագահ էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, հետո վարչապետ էր, հետո նախագահ էր։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի, հիմա ես եմ հարցնում՝ ինչու հոկտեմբերի 27-ը չեն բացահայտել անմիջապես այդ հանցագործությունից։
Փաստ համար 1, հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչ այժմ անհայտ են։ Փաստ համար 2, հոկտեմբերի 27-ի կատարողները այն ժամանակվանից ձերբակալված են, ցմահ իրենց պատիժը կրում են։ Փաստ համար 3. նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։ Փաստ համար 4. հոկտեմբերի 27-ից հետո 19 տարի իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Եվ ես, այո, կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,–ասաց նա։
Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ իրենց իշխանության օրոք արդեն իսկ բացահայտվել են անբացահայտելի թվացող հանցագործություններ, օրինակ Խորխորունու սպանությունը, որը 20 տարի անց բացահայտվել է. ««Չկա որևէ քաղաքացի, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև նախ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդը հնչում են կարծիքներ, որոնք բավականին արժանահավատ են հնչում, ըստ որի հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,–ասաց ԱԺ նախագահը։
Դիտարկմանը, որ այդ ժամանակ զինդատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, որ երբ այլևս պաշտոն չզբաղեցնի և կաշկանդվածություն չունենա, կխոսի հոկտեմբերի 27–ի գործի մասին, հիմա ինչո՞ւ չի խոսում, Ռուբինյանն ասաց. «Ես Գագիկ Ջհանգիրյանը չեմ, եթե նկատել եք։ Գագիկ Ջանգիրյանին հարցրեք դրա մասին»։
Հարցին՝ ինքն ո՞ւմ է կասկածում, Ռուբինյանն ասաց, որ չի կարող ասել, հարցը կոռեկտ չէ։



