երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների բացահայտման հարցում իշխանությունը շահագրգռված է՝ միաժամանակ հարց ուղղելով, թե ինչու գործի այդ հանգամանքները չեն բացահայտվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։

Ռուբինյանն այս մասին խոսել է հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով գործի բացահայտման համար քաղաքական կամքի վերաբերյալ հարցին։

Նրա գնահատմամբ՝ նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու առավել նպաստավոր ժամանակահատվածը հանցագործությանն անմիջապես հաջորդող շրջանն է։

«Նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ճանապարհը կամ ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ահաբեկչության պահին Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում էր նախագահի, իսկ Սերժ Սարգսյանը՝ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։ Նա ընդգծել է, որ դրան հաջորդած տարիներին ևս նրանք զբաղեցրել են երկրի ղեկավար պաշտոնները։

«Բնականաբար, չկա քաղաքական ուժ, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

 

  • Կիսվել: