շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին:

Իհարկե մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և խոսվում է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին:

Առաջինը՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում՝ երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ և անվտանգ: Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում: Չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա, բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում, դուք գիտեք, որ մենք ունեցել ենք նաև որոշակի վերապահումներ:

Նաև իմ արձագանքն այն է, որ Հայաստանի Հանրապետության հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի Հանրապետության անունը հիշատակելն արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Եվ, իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ Հայաստանի Հանրապետությանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը:

Եվ այս առումով, իմ գնահատականն առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա ինչ-որ առումով նաև իմ գնահատականն է և իմ համոզմունքը: Ամեն դեպքում մենք, կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին:

Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ Լեռնային Ղարաբաղից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է, բայց կտրուկ նվազել է: Եվ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետև, առավել ևս այս պայմաններում, կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր են: Եվ մենք կշարունակենք հետևել իրադարձություններին և եթե լրացուցիչ գնահատական և լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, իհարկե, այդ ասելիքն անպայման կկիսենք ձեզ հետ:

Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը, լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության  կողմից: Եվ գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին և, իհարկե, նաև որոշակի, գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված և լրացուցիչ գնահատականներ, ասելիք ունենալու պարագայում այն անպայման կկիսենք ձեզ հետ:

Շնորհակալություն, այս պահին՝ այսքանը»:

  • Կիսվել: