հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահե Գրիգորյանը չի կարծում, թե նախագահի` ՍԴ մասին օրենքի փաթեթը չստորագրելը խոչընդոտ է սահմանադրական փոփոխություններին

Վահե Գրիգորյանը չի կարծում, թե նախագահի` ՍԴ մասին օրենքի փաթեթը չստորագրելը խոչընդոտ է սահմանադրական փոփոխություններին

Սահմանադրական փոփոխությունները, որոնց ականատես ենք լինում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր կազմավորվող Սահմանադրական դատարանը կփակի վերադարձի ճանապարհը դեպի ավտորիտար անցյալ, Վահե Գրիգորյանն ասաց` որևէ երաշխիքներ իրենք իրենցով բացարձակ չեն կարող լինել, մանավանդ եթե արատավոր անցյալն իր գնահատականին չի արժանացել, և եթե այդ գնահատականից բխող գործուն քայլեր չեն կատարվել. - «Փոփոխությունները, որոնց ականատես ենք լինում վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն: Բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են մտացածին մեկ կետ, որ նոր իշխանությունը ձևավորելու է իր քիմքին հաճո Սահմանադրական դատարան», - նշեց Վահե Գրիգորյանը` հավելելով. - «Այս Սահմանադրական դատարանը համալրվելուց հետո ՀՀ-ի պատմության մեջ լինելու է ամենաբալանսավորված Սահմանադրական դատարանը: Ինչպես կվարվի հետագայում այս կամ այն գործով, արդեն անհատապես յուրաքանչյուր դատավորից է կախված, թե ամեն դատավորն ինչպես է իրեն դրսևորելու այս կամ այն գործում»:

Իսկ կարծո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը ևս դատավորի կարգավիճակով կազմելու է ստեղծվելիք հավասարակշռության բաղադրիչը ՍԴ-ում, նա արձագանքեց. - «Ցանկացած դատավոր, ՀՀ ԱԺ-ն սահմանադրի անունից փոփոխություն է կատարել Սահմանադրության մեջ ու փաստացի ՍԴ բոլոր անդամներին ճանաչել է ՍԴ դատավորի կարգավիճակում պաշտոնավարողներ, և բոլոր դատավորները թե Թովմասյանը, թե ամեն մեկը պետք է գործի հակակշիռ իր դիրքավորմամբ մնացածի հակակշիռներին ու կարծիքներին»:

Ինչ վերաբերում է քննադատությանը, որ փոփոխությունների նախագիծը չէր ուղարկվել Սահմանադրական դատարան, ՍԴ դատավորն ընդգծեց ևս մեկ անգամ` ինքը ԱԺ որոշումը պատմական է համարում, որովհետև այն բեկումնային կետ է իրավունքի և քաղաքականության ոլորտներում. - «Առաջին անգամ ՀՀ ԱԺ-ն իր վրա ամբողջական պատասխանատվություն է վերցնելու Սահմանադրությունը մեկնաբանել և կիրառել Սահմանադրությամբ նախատեսված նպատակների և արժեքների պաշտպանության տեսակետից»: Գրիգորյանը հիշեցրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությունը, որը նշել էր, որ շահերի այնպիսի բախում կա, որը հնարավոր չի դարձնում նախագծի նախնական սահմանադրականության ստուգումը Սահմանադրության պահանջներին համապատասխան:

Իսկ այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու ՍԴ մասին օրենքի փոփոխությունների փաթեթը, Վահե Գրիգորյանն այսպես մեկնաբանեց. - «ՍԴ 3 անդամների աշտոնավորումն այլևս դադարեցված է հունիսի 26-ից` սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարման, իսկ փոփոխությունները, որ կատարվել են Սահմանադրական դատարանի մասին օրենքում, նպատակն է համապատասխանեցնել սահմանադրականությանը որոշ դրույթներ, և ամենակարևոր փոփոխությունը Սահմանադրական դատարանի այլևս պաշտոնաթող անդամների կենսաթոշակային ապահովման երաշխիքների ամրագրումն է: Հանրապետության նախագահի կողմից այդ նախագծերը չստորագրելը չեմ կարծում, որ որևէ կերպով կարող է խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների կատարման գործընթացը»:

  • Կիսվել: