երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանը Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկել է համագործակցության հետագա անելիքները

Վահան Քերոբյանը Ռեստորանների հայկական միության անդամների հետ քննարկել է համագործակցության հետագա անելիքները

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։  Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միության անդամները կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։

 

Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, և միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Նախարարը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի։ Նա նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացման հարցերով պարբերաբար քննարկումներ է ունենում  տարբեր կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ։ Արդյունքում ուրվագծվել են հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ։ Նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ նախարարը հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։

Միության անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։

«Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- հանդիպման ավարտին ասել է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը։                  

Պայմանավորվածության համաձայն՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։

  • Կիսվել: