երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վաղը ամաչելու եք Արցախ գնալ, որովհետև այնտեղ Արտակ Բեգլարյանին էլ են լավ ճանաչում, ձեզ էլ. Մարուքյան

Վաղը ամաչելու եք Արցախ գնալ, որովհետև այնտեղ Արտակ Բեգլարյանին էլ են լավ ճանաչում, ձեզ էլ. Մարուքյան

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի շուրջ ծավալվող մեկնաբանություններին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Բեգլարյանի այն գրառմանը, որով պետնախարարը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տվյալ պահին մեծ համերգ է անցկացվում Իսպիրյանների մասնակցությամբ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան:

Մարուքյանի գրառման մեջ ասված է.

«Երևանի հրապարակներում Արցախը ատելության խոսքով «փրկող» մի շարք անձինք հիմա էլ թիրախավորել են Արցախում բնակվող և Արցախի դարդ ու ցավով ապրող պետնախարար Արտակ Բեգլարյանին։

Առիթը հանդիսացել է այն ֆեյսբուքյան գրառումը, որում հրապարակելով երեկ Արցախում տեղի ունեցած միջոցառման լուսանկարը Բեգլարյանը նշել է, որ դա մեծ համերգ է, որը 2020թ.-ից ի վեր առաջինն է։ Այո’ «Զարթիր Լաո» կարգախոսով երթ եղել է, բայց այն նույնականացնելը հայրենասիրական երգերի համերգի հետ առնվազն խաբեություն է։ Հավանաբար Արցախի պետնախարարի առանց ավելորդությունների այդ գրառումը խոչընդոտել է «ասֆալտի փրկիչներին» այդ միջոցառումը ներկայացնել իբրև աջակցություն վերջին շրջանում իրենց հավաքների։

Նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է և ակնհայտ է, որ Արցախի շենացմանն իր կյանքը նվիրած Արտակ Բեգլարյանին թիրախավորելով և վիրավորելով՝ դուք հասնելու եք ընդամենը նրան, որ վաղը ամաչելու եք Արցախ գնալ, որովհետև այնտեղ Արտակ Բեգլարյանին էլ են լավ ճանաչում, ձեզ էլ»:

  • Կիսվել: