ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա. Էդմոն Մարուքյանը խորհուրդ տվեց դասեր քաղել սխալներից

Ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա. Էդմոն Մարուքյանը խորհուրդ տվեց դասեր քաղել սխալներից

Որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն  կառուցելուց: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նախ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով և ընդգծեց, որ հայ ժողովրդի ներդրումը շատ մեծ է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում:

«Մարդ չեմ ճանաչում, որի  պապերի մեկը մասնակցած չլինի պատերազմին: Այսօր այն օրն է, որ հարգանքի տուրք են մատուցում հերոսներին: Փառք հերոսներին: 1992 թվականից սկսած՝ այս տոնը նաև այլ  խորհուրդ է ունեցել, որովհետև բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրն ենք այսօր նշել:

Ինչպես գիտեք, հիմա շատ տխուր ենք այսօրվա հետ կապված, բայց որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի մեր ազգային նպատակներից, որևէ կորուստ չպետք է մեզ հետ պահի ուժեղ պետություն  կառուցելուց: Մենք թույլ ենք տվել բազմաթիվ սխալներ, և մեր սխալներն են պատճառը, որ այսօր գտնվում ենք այս վիճակում: Ակնհայտ է, ինչպես եռատոնը նշել ենք, այսօր, բնականաբար, չենք կարող նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք»,- ասաց  Մարուքյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը ընդգծեց՝ ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա:

«Եթե դու ուժեղ պետություն չես կառուցում, դու ապագա պատերազմներում ես պարտվելու, քո ազգը ցեղասպանության զոհ կարող է դառնալ: Հետևաբար՝ այսպիսի օրերը ինձ համար դաս են ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին»,- ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: