ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուր գնում ենք մեքենաների կմախքներ կան, դրա համար պատասխան տվողներ չկա՞ն. Սուքիասյանը՝ Տերտերյանին

Ուր գնում ենք մեքենաների կմախքներ կան, դրա համար պատասխան տվողներ չկա՞ն. Սուքիասյանը՝ Տերտերյանին

«Կարծում եմ, շատ կարևոր օրենք է մեր շրջակա միջավայրի պահպանության համար, բայց մի քանի հարց կա, որոնք կուզենամ ավելի առաջնային դարձնենք՝ հաշվի առնելով, որ դեռ ժամանակ պետք կլինի, որպեսզի ամբողջ փաթեթն իրականացնեք»,- ԱԺ-ում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը հարց ուղղելով Տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ ասաց. «Տեսակավորման խնդիրը շատ արագ կարող ենք լուծել, ուղղակի տարբեր արկղներ է տրվում և քաղաքացիներից պահանջվում է, որ այդպես տեսակավորվի՝ թուղթն առանձին, պլաստիկն առանձին, ընդհանուր աղբն առանձին, սա շատ կարևոր է մեր շրջակա միջավայրի համար, սա մեկ, որը կուզեմ շատ արագ անեք գոնե խոշոր քաղաքներում: Երկրորդ հարցը՝ մեքենաների կմախքներն են, որոնք գուցեև պարունակում են ծանր մետաղներ, ուր գնում եք այդ մեքենաների կմախքները տարբեր շրջաններում, տարբեր տարածքներում՝ հողի վրա,կանաչի վրա կան, դրա համար պատասխան տվողներ չկա՞ն, տեղական ինքնակառավարման մարմիններն ինչո՞ւ խիստ չեն, եթե պետք է եկեք օրենքի մեջ ավելացնենք, որ եթե դա իքս ժամանակից ավել մնում է այդ հողում, ապա ավելի մեծ տույժ-տուգանքներ լինեն»:

Տերտերյանն անդրադառնալով պատգամավորի հարցին՝ նշեց. «Մեքենաների կմախքների հետ կապված շատ դիպուկ հարց եք բարձրացնում, մի քանի տարի առաջ մենք նույնիսկ գործադիրով որոշ միջոցառումների շարք իրականացրինք և ի ուրախություն մեզ գոնե տեսանելի տիրույթից բավականաչափ լավացրինք իրավիճակը, հավաքեցինք, հանձնեցինք, նույնիսկ կազմակերպություններ ձևավորվեցին, որոնք դրանք որպես երկրորդային հումք մթերում էին: Ես ձեզ հետ համաձայն եմ, դուք նույնիսկ մի քիչ ավելի մեղմ նկարագրեցիք իրավիճակը, հիմա պատկերը շատ վատ է, մեր բոլոր մայրուղիները, բոլոր կարևոր տուրիստական երթուղիները վերածվել են այդ երկրորդային մեքենաների վաճառքի կետերի: Ընդունում եմ՝ պետք է որոշակի միջոցառումներ իրականացնենք: Տեսակավորման մասով էլ ոչ միայն համաձայն եմ ձեզ հետ, այլ իմ ելույթում էլ նշեցի, որ այստեղ ինստիտուցիոնալ հենք էլ ենք դրել»:

Սուքիասյանն արձագանքելով շեշտեց, որ մեքենաների կմախքների խնդրի հետ մեկտեղ կա նաև բազմաբնակարան շենքերի բակերում տարիներ շարունակ գտնվող մեքենաների հարցը. «Մարդիկ մինչև անգամ բազմաբնակարան շենքերի բակում տարիներ շարունակ իրենց մեքենաները թողնում են, խնդրում եմ, եթե այս օրենքը չի, այլ օրենքով ներկայացրեք, մենք ամեն ինչով կաջակցենք: Նախ երեխաների խաղահրապարակներում են այդ մեքենաները լինում, արդեն 2023 թվականն է, ժամանակակից աշխարհն այդպիսի բաները մերժում է, եթե չէ՝ ասենք թող հասարակությունը մեզ օգնի, կարող են նկարել ուղարկել համապատասխան մարմին, այդ մարմինն ունենա համապատասխան կառույց, որը կգնա այդ ամենը կկատարի: Սա երեխաների ընդհանուր գիտակցության վրա էլ է ազդում, թե ինչ միջավայրում են մեծանում»:

  • Կիսվել: