ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուղղակի հերյուրանք եմ համարում․ ՊԵԿ նախագահը՝ ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ

Ուղղակի հերյուրանք եմ համարում․ ՊԵԿ նախագահը՝ ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ

Քրեական գործի հետ կապված նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով՝ թույլատրելիի շրջանակներում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրվածության բարձր աստիճանը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրգործին՝ նոր հանգամանքների վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց, որ ՊԵԿ-ը հաղորդագրությունը հրապարակել է՝ հաշվի առնելով նաև նախաքննության գաղտնիությունը․

«Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն արդեն տրամադրված է»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման օրինակը՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին: Հետևաբար հիմքերին անդրադառնալը Հովհաննիսյանը համարեց վաղ:

«Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո ընթացք կտրվի: Ինչ վերաբերում է բեկանելուն, Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ավելի կոնկրետ կխոսի որոշումը ստանալուց հետո:

Ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ բացի նրա պնդումներից՝ որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չեն: «Այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ փաստարկ, որևէ հիմնավորում այդ մասին չկան»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը, հավելելով, որ ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ:

  • Կիսվել: