ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ծառուկյանը՝ վարչապետի պաշտոնին իր հավակնության մասին

Ծառուկյանը՝ վարչապետի պաշտոնին իր հավակնության մասին

Կհավակնի՞ վարչապետի պաշտոնին, թե ոչ, կախված է ընտրություններից, իրավիճակից, ժողովրդից․ այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ցանկություն չունեմ, որ ես պետք է լինեմ, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ գոնե ժամանակավոր այս իրավիճակից դուրս գալու համար, կարող ենք մտածել։

Բայց դա իմ կյանքի նպատակը չէ։ Այսօր մենք մասնագետի, կազմակերպչի, ոլորտի պատասխանատուի խնդիր ունենք, չպետք է հաշվի առնել՝ քո կուսակցությունից է, քո հարևանն է, ծանոթն է։ Ամեն ոլորտի համար թեկնածուները 10-20 պետք է լինեն, կուսակցությունը չէ կարևոր, այլ մարդու փորձը, գիտելիքը և իր աշխատած ժամանակահատվածի արդյունքը՛՛:

Ծառուկյանը հավելել է, որ ԲՀԿ-ն շարունակում է պահանջել գործող իշխանության հրաժարականը։ Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Ես դեռ 2020-ի հունիսի 5-ին եմ ասել, որ պետք է իշխանափոխություն լինի, որոշողը ժողովուրդն է, ես ապստամբություն չեմ անելու։

Մենք ներկայացնում ենք, ժողովուրդն էլ օրեցօր իր մաշկին զգում է, կյանքում զգում է, դանակը հասնում է ոսկորին, ու փոփոխությունն ստացվում է։ Ես բախումներին դեմ եմ։ Կարող է ընտրության կարգով լինել, և ժողովուրդը կորոշի՝ ում է հավատում, ում հետ է հույս կապում և ով կարող է այս վիճակից հանել՛՛:

  • Կիսվել: