չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Տրամաբանական չեմ համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը․ Ընդդիմադիր պատգամավոր

Տրամաբանական չեմ համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը․ Ընդդիմադիր պատգամավոր

 ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի պահվածքը,  Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանի գործողությունները համահունչ չեն: Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար,  տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որ որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են մաղթում Թուրքիային, հումանիտար բեռ են փոխանցում»,-ասաց Աբրահամյանը:  

Նա նկատեց՝ գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են թե բարեկամ Սիրիայում, թե Թուրքիայում: Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն Թուրքիայի վարքագծին, Հայաստանի նկատմամբ իրականացրած քաղաքականությանը համահունչ չէ:

Պատգամավորը նաև չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարևոր լինելու:

  • Կիսվել: