շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թողել ենք ամեն ինչ և ընկել սրա-նրա դուռը՝ խնդրելով, աղաչելով՝ ՀԱՊԿ, Ռուսաստան, Ամերիկա, եկեք օգնեք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ «Հրապարակ»

Թողել ենք ամեն ինչ և ընկել սրա-նրա դուռը՝ խնդրելով, աղաչելով՝ ՀԱՊԿ, Ռուսաստան, Ամերիկա, եկեք օգնեք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի հետ։

- Սրբազան, այս օրերին մարդիկ բաժանվել են ոչ միայն իշխանական եւ ընդդիմադիր թեւերի, այլեւ՝ արեւմտամետների, ռուսամետների։ Վերջին օրերին բազմաթիվ ցույցեր եղան՝ մե՛կ ՀԱՊԿ-ից դուրս գալու, մե՛կ ԱՄՆ-ին որպես հուսալի դաշնակից ունենալու համար։ Ստեղծված իրավիճակում ո՞րն է լուծումը։

- Մեր ողբերգությունը ոչ միայն այսօր, այլեւ ընդհանրապես եղել է այն, որ մենք միշտ՝ աղքատ հաճախորդի պես, մեր աչքերը հառել ենք դրսի օժանդակություններին կամ դրսի ուժերին։ Նրանք ինչքան էլ ուզում է մեզ բարեկամ լինեն, փորձը ցույց է տվել, որ երեկ բարեկամ էր,  կարող է այսօր լինել ոչ բարեկամ, եթե չասեմ՝ թշնամի, ու մյուս օրը՝ նորից բարեկամ։ Հետեւաբար, կարեւորն այն է, թե դու քեզնից ինչ արժեք ես ներկայացնում, ինչքանով է ներսդ զորավոր եւ ուժեղ, որքանով ես կարողանում, ինքնաճանաչողություն ունենալով, սեփական ուժերդ էլ ավելի զորացնել եւ, ի վերջո, ամբողջությամբ հույսդ քեզ վրա դնել,  դրանից հետո մնացածը կգան քեզ օգնելու եւ նույնիսկ՝ սպասարկելու։ Սա մեր պատմության դասն է եղել, որը չի նշանակում՝ կտրել հարաբերությունները բոլորի հետ, բայց միեւնույն ժամանակ չի նշանակում վիզը ծուռ սպասել, թե ով է գալու քեզ փրկության։ Ոչ ոք չի գալու փրկության, եւ դա ցույց է տվել մեր պատմությունը, երբ մենք անընդհատ կանգնած ենք եղել ընտրություններ կատարելու առջեւ՝ Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք, Հյուսի՞ս, թե՞ Հարավ։ Այն ժամանակ, երբ որեւէ կողմնորոշում ենք ընտրել, հաջորդել է մեր ձախողումը՝ թե՛ պետականության, թե՛ ընդհանրապես։ Իսկ այն ժամանակ, երբ բոլորս կենտրոնացել ենք մեր ներքին ուժերի, դրանք համախմբելու եւ զորացնելու վրա, մենք ստեղծել ենք պետականություն, դարձել ենք ազգ։ Պատմությունը դա է ցույց տվել մեզ, օրինակները բազմաթիվ են։ Եվ այսօր պատմությունը սոսկ ընթերցել գրքի նման կամ որեւէ տողով հեռու պահել քեզնից՝ չի լինում այդպես։ Անշուշտ, աշխարհում կան մեծ ուժեր, որոնք ազդեցության գոտիներ են ստեղծում եւ մեծ ազդեցություն ունեն, բայց կարեւորը՝ թե դու ինչ եւ ինչպես ես թելադրում, ազգդ ինչպես ես մոբիլիզացնում, ինչ կերպով ես կարողանում ներքին զորության բոլոր գործիքներն աշխատեցնել։ Սա է, իսկ մենք թողել ենք ամեն ինչ եւ ընկել ենք սրա-նրա դուռը, խնդրելով, աղաչելով՝ ՀԱՊԿ, արի օգնի, Ռուսաստան, Ամերիկա, եկեք օգնեք։ Կարող է վաղն էլ Թուրքիային ասեն՝ արի օգնի, կամ Ադրբեջանին։ Չի բացառվում։

- Դուք մեզանում հիմա տեսնո՞ւմ եք պահի լրջության գիտակցում՝ լինի քաղաքացիների, թե իշխանավորների շրջանում, ովքեր ո՛չ մոբիլիզացիա են հայտարարում, ո՛չ ռազմական դրություն են մտցնում, կառավարության օրակարգն էլ տնկիների մասին նախագծերն են։ Ինչո՞վ եք սա բացատրում։

- Լրջությունը կամ քաղաքականությունը, որպես ռազմավարություն, մշակում են, մատուցում, ծառայեցնում, եւ նպատակն էլ սահմանում է իշխանությունը։ Ժողովուրդը բոլոր ուղղություններով կարող է գնալ, կարեւոր է, թե ինչպես է իշխանությունը մատակարարում եւ ինչպիսի նպատակ է սահմանում։ Սա նման է նավի, եթե նավապետն ու իր ողջ անձնակազմը նավը չուղղորդեն, նավի հետ ի՞նչ կլինի, ի՞նչ կարող են անել այդ նավի բնակիչները՝ ոչ մի բան, կզարկվեն այս կամ այն քարերին ու սառցաբեկորներին, եւ ինչքան էլ որ ձգեն, նավաստիների ջանքերն ու ուժը որքան էլ լինեն նավը կխորտակվի, տեղ չի հասնի։ Խնդիրը հենց դա է՝ ի՞նչ է մատուցում, ո՞րն է նպատակը, ի՞նչ է սահմանված։ Ես սրա մասին չեմ դադարելու խոսել։ Չկա նպատակ՝ կեղծիք է ամենը, եւ նույնիսկ երեկ այդ նշանավոր ու կարեւոր այցը՝ Ամերիկայի կոնգրեսի խոսնակի, վաղը, մյուս օրը, համոզված եմ,  զուտ ինքնաբավարարման այց կլինի։ Այնքան, որ ցույց տան, թե տեսեք մենք ինչ գործ արեցինք, բայց դրա շարունակությունն ինչ է լինելու, ես նույնիսկ չզգացի, որ դրան որեւէ ձեւով շարունակություն լինելու է՝ գոնե պատգամների, ուղերձների միջից։ Հետեւաբար, մենք այսօր չպետք է լայն իմաստով ժողովրդի մեջ փնտրենք նրանց, ովքեր անտարբեր են կամ պահի լրջությունը չեն հասկանում, բոլորն էլ հասկանում են պահի լրջությունը, բայց ժողովուրդը կարիք ունի նպատակ սահմանող եւ առաջնորդող իշխանության, որը, դժբախտաբար, բացակայում է։

- Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ այս սահմանային լարումը չի կարող նսեմացնել խաղաղության օրակարգը։

- Ուրեմն դա ո՛չ սահմանային լարում է, ո՛չ էսկալացիա, ո՛չ անգամ ագրեսիա, դա չդադարած եւ չդադարող պատերազմ է։ Այսօր իրենց թեթեւ, իմիջիայլոց հայտարարած տվյալներով՝ 135 զոհ ունենք։ Դեռ չեմ ասում, թե որքան կան, որոնց մասին այս վայրկյանին տեղյակ չենք, ինչպես իրենք հայտարարեցին դա։ 100-ավոր վիրավորներ ունենք, անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաներ, սրա ո՞ր մասն է սահմանային սրացում, սահմանային սրացումը եղել է այն, որը Տավուշում տարիներով եղել է․ այն կողմից կրակել են, այս կողմից կրակել են, մի քիչ ինտենսիվ, մի քիչ ավելի պակաս: Բայց երբ հարձակվել են քո երկրի վրա, տարածքներ են գրավում, բարձունքներ, ստրատեգիական կետեր, հասնում են ընդհուպ քո ամենակարեւոր նշանակություն ունեցող քաղաքին, դրա սահմանային սրացումը ո՞րն է։ Երբ դու այսօր քո երկրում՝ մի ծայրից մյուս ծայրը ճանապարհորդելու համար անվտանգություն չունես, երբ գնում ես Մեղրի ու չգիտես որ ճանապարհով ես գնալու, դեռ չեմ ասում անվտանգության իմաստով՝ մատակարարումների մասին, երբ դու Արցախ հայրենիք ունես, որի 3/4-ը գոնե այս պահին չկա, սրա սրացումը ո՞րն է։ Ամեն վայրկյան այնտեղ վտանգը կախված է մեր սիրելի քույրերի ու եղբայրների գլխին՝ ուղղակիորեն բնաջնջելու իմաստով։ Ու անընդհատ գտնվում ես սպառնալիքների ու այն ուղերձների ներքո, որ ուզեք-չուզեք՝ մենք Սյունիքի կամ, իրենց ասելով՝ Զանգեզուրի միջանցքը պետք է ունենանք։ Անընդհատ այդ սպառնալիքի, նվաստացման ներքո ես գտնվում, ամեն օր՝ լինի միջազգային, թե այլ հարթակներից հնչած։ Սա պատերազմ է բոլոր առումներով՝ ֆիզիկական, հոգեկան, հոգեբանական, համացանցային, տնտեսական, հիմա էլ նոր տերմին են հնարել՝ հիբրիդային։ Սա ի՞նչ կեղծիք է։

- Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում «լիքը» մարդ իրենց դավաճան կասի, բայց որը կբերի տեւական խաղաղության։ Այս հայտարարությունը հազարավոր մարդկանց ոտքի հանեց թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երեւանում։ Ոմանք այդ քայլը քննադատեցին, թե պատերազմական իրավիճակում չի կարելի փողոց դուրս գալ, ցույց անել, մի մասն ասաց, որ հենց դրա արդյունքում ժամանակավոր հրադադար ձեռք բերվեց։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Մարդիկ հենց այնպես փողոց դուրս չեկան, ովքեր էլ մեղադրում են, որ այս պահին պատերազմ է՝ փողոց դուրս մի եկեք, թող մեղադրեն նրան, ով սադրեց այդ բոլորը։ Զինվորը կռվում է սահմանին, երկրի ղեկավարը խոսում է փաստաթուղթ ստորագրելու մասին, անկախ նրանից՝ մանիպուլյացիա կանե՞ ն, թե՞ չեն անի։ Յուրաքանչյուրին չես բացատրելու, թե ինչ նկատի ունեիր, զինվորդ սահմանի վրա կյանք է տալիս, սպադ, բանակդ, կամավորականդ, աշխարհազորայինդ ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերի մեջ են, կռվում են տղաները, հայրենիք են պահում, զոհվում են՝ իրենց ունեցած-չունեցած զենքերով, իսկ երկրի ղեկավարը խորհրդարանի մեջ այդ մասին հայտարարում է հենց այդ նույն ժամերի՞ն: Այսպես լինո՞ւմ է ընդհանրապես։ Լավ, ուզում էիր հայտարարել, հայտարարեիր 3 օր հետո, սպասեիր՝ պատերազմական այդ վիճակը հանդարտվեր, նոր հայտարարեիր, ինչո՞ւ այդ ժամին, որ հետո մեղադրեք, թե մարդիկ դուրս եկան փողոց, երբ պատերազմ էր։ Ա՞յդ պատճառով, թե՞ ուրիշ բան կար, ստուգում էին, տեսնեին` այս ժողովուրդը մեռե՞լ է, թե՞ ոչ․․․ այս ժողովուրդը չի մեռնելու՝ ի հեճուկս իրենց, հակառակը՝ ոտքի է կանգնելու բոլոր առումներով, վերականգնվելու է եւ հաղթանակած ժողովուրդ է լինելու, ինչքան էլ իրենք ուզեն կամ չուզեն։ Պետք է դա դատապարտել, ոչ թե մեղադրել մարդկանց, որ այդպես տագնապի մեջ փողոց դուրս եկան կամ շարունակում են իրենց, այսպես ասած, ներքաղաքական պայքարը, որը ոչ թե ներքաղաքական, այլ ազգային ազատագրական պայքար է։ Այլ կերպ չի կարող լինել։ 

- Այս օրերին շատերի հայացքն ուղղված է նաեւ Վեհափառին, քանի որ միայն նա կարող է համախմբել նախկին նախագահներին, հասարակությանը եւ երկխոսելու, ինչ-որ լուծում գտնելու միջնորդ հանդիսանալ։ Եվ կարծես թե գործընթացը սկսվել է, Վեհափառն արդեն հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ստեղծված իրավիճակում Վեհափառն իր լծակներով կարո՞ղ է ազդել քաղաքական պրոցեսների վրա։

- Ես այս պահին չեմ կարող որեւէ գնահատական տալ, բայց տեղյակ եմ, գիտեմ, որ հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մակարդակների վրա, եւ արդեն վկայեցիք, որ երեկ հանդիպել է առաջին նախագահի հետ: Բովանդակությունն այն է, ինչ մենք տեղյակ ենք հաղորդագրություններից։ Վաղը, մյուս օրը մենք ժողովներ կունենանք, կքննարկենք, կհասկանանք, թե ճանապարհներն ինչ են, ինչ է նախատեսվում, որովհետեւ տարբեր աստիճանների, հարթակների վրա հանդիպումներ տեղի ունենում են։ Թե ինչ արդյունքներ կտան՝ չեմ կարող ասել, ակնկալիքս միայն բարիքն է ու մեր երկրի վերականգնումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: