երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ․ Փաշինյանը՝ գազի սակագնի փոփոխության մասին

Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ․ Փաշինյանը՝ գազի սակագնի փոփոխության մասին

Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտնեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով բնական գազի սակագնի փոփոխության խնդրին:

«Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Դուք գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է:

Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար պահպանելու համար: Այստեղ պարզապես ավելացել է կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Դրան գումարած՝ մենք նաև որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ պարզաբանեց կալորիայի հաշվարկման և գազի սպառման տրամաբանությունը:

«Եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, մենք ուղղակի քիչ ենք սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումն էլ չի երևալու ոչ մի բաժանորդի վրա: Նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի շատ ենք սպառելու, գինն էլ, համապատասխանաբար, նվազեցվելու է»,- ասաց Բաղրամյանը: 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրեց՝ անապահով խավը որևէ սակագնային փոփոխություն չի ունենա:

«Խոսքը վերաբերում է թե՛ ջրին, թե՛ հոսանքին, թե՛ գազին, անկախ էներգակիրների ռեկորդային աճից, արտարժույթի հանգամանքներից: Այսինքն՝ 2022 թվականին անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու: Իսկ սահմանամերձերի մասով կա զեղչային բյուջետավորված միջոցառում: Միջինում 50 տոկոսով զեղչված են լինելու սակագները»,- ասաց Գրիգորյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: