Սպասում եմ, որ արտահերթ նիստ հրավիրվի, և քննվի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը. Զոհրաբյան
Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավում էր ռազմավարական նշանակության շենքեր, երբ պատանդ էին վերցնում ԵՊՀ ռեկտորին, երբ գրավում էին ռադիոտան շենքը, իրենք հայտարարում էին, որ իրենք հեղափոխություն են անում, եւ հեղափոխության ժամանակ ցանկացած գործողություն օրինական է:
Այս մասին այսօր ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ նախաձեռնած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ եթե ընդդիմության կողմնակիցները կայծակնային արագությամբ շենքեր գրավեն, ապա պետությունն իրավունք ունի կրակելու:
Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ես մի քանի գրառումներում ասել էի, որ նրանք, որոնք արդարացնում են Արցախի հանձնումը, որոնք ասում են, որ Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր էր, որոնք արդարացնում էին դավաճանությունը, այդ մարդիկ ինձ համար ժեխ են: Նիկոլ փաշինյանն ու իր սորոսական խմբակը տրանսֆորմացրեցին իմ խոսքը եւ փորձեցին ներկայացնել, որ ես մեր քաղաքացիներին անվանել եմ ժեխ:
Ես հիմա դիմում եմ Արարատ Միրզոյանին. պարոն Միրզոյան, խանդավառությամբ կատարելով Նիկոլի հանցագործ հրահանգը՝ Դուք ինձ զրկեցիք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ինչը հակասահմանադրական է, եւ ես դիմել եմ ՍԴ:
Ես սպասում եմ, որ Արարատ Միրզոյանը նույն էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ եւ քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որն ասում է, որ շենքեր գրավողները պետք է իմանան, որ իրենց վրա կարող են կրակել՛՛: