Շուռնուխում նոր տներ կկառուցվեն՝ Ադրբեջանին հանձնվող տարածքների բնակիչներին տրամադրելու համար․ Շուռնուխի ղեկավար
Գյուղի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչների տեղափոխությունները կատարվել են, նրանց հիմնական մասը տեղավորվել է գյուղում՝ ազատ տներում, իմ ընտանիքը՝ գյուղապետարանի շենքում, մի մասը Գորիսում են, մի ընտանիք՝ Կապանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Պատրաստվում են գյուղում մի փողոցում տներ կառուցել, որ տեղավորեն տարհանվածներին։ 1-2 օրից կգան նախագծողներ, աշխատանքներ կանեն։ Ասել են՝ հնարավորինս շուտ կսկսեն, հստակ ժամկետներ չկան»,-նշեց նա։
Արշակյանի խոսքով՝ բնակիչների մի մասն այժմ էլ անհանգիստ է, որ անվտանգ չի լինի գյուղում։ «Թուրքը նստած է ճանապարհի տակ։ Դեռևս անորոշություններ կան։ Հնարավոր է՝ գյուղից հեռացողներ լինեն։ Առաջարկվող պայմաններին գյուղացիների մի մասը համաձայնել է, մի մասը ցանկանում է փոխհատուցումը գումարի տեսքով վերցնել, այլ վայրում տուն գնել»,-ասաց նա։
Հարցին էլ՝ Կառավարությունը համաձա՞յն է այդ տարբերակին, գյուղապետն արձագանքեց, թե Կառավարությունը չի կարող մերժել։ «Ամեն դեպքում մենք փորձում ենք այնպես անել, որ գյուղից հեռացողներ չլինեն, մնան»,-նշեց նա։
Հարցին՝ իսկ մինչ տների կառուցումը բնակիչներին փոխհատուցում տրամադրվելու՞ է, գյուղապետը պատասխանեց, թե այս պահին այդ հարցերը քննարկման փուլում են։
Անդրադառնալով այն 12-րդ ընտանիքին, որի տունը սահմանագծին էր, և որոշել էր տեղափոխել` Արշակյանն ասաց, որ այդ ընտանիքը չի տեղափոխվել, քանի որ անվտանգությունն ապահովվում է։
Նրա խոսքով՝ սահմանազատման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ընթացքի մեջ են։


