ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ԶՈՒ-ն տեղը զիջելու է սահմանապահ զորքերին. Մինասյան

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ԶՈՒ-ն տեղը զիջելու է սահմանապահ զորքերին. Մինասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլի Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր զազրախոսների համար՝ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։ Այսօր պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նիստի արդյունքում տեղի ունեցել կարևոր արձանագրումներ։

Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Նյութի մեջ նշված քարտեզի վրա կտեսնեք այս փուլում դեմարկացված հատվածները (մանուշակագույն նշված): Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է։

Գործընթացի ընթացքում հայկական ոչ մի գյուղ չի զրկվում ճանապարհից։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագրի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը:

Ամիսներ շարունակ կեղծ թեզ է շրջանառվում, թե գազատար է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սիրելի հայրենակիցներ, այս բարդ և լարված գործընթացքում պետք է լինենք առավել քան զգոն և տուրք չտանք մանիպուլիացիաներին ու կեղծ տեղեկատվությանը։ Այս ընթացքը կարևոր է ոչ միայն Տավուշում պետական սահմանի առկայության տեսանկյունից, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման սկզբունքները ֆիքսելու առումով»։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

  • Կիսվել: