ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար», - ասաց նա՝ այլ փակագծեր չբացելով, թե կոնկրետ ինչ երեք առաջարկ է ներկայացրել Ռուսաստանը այս հարցով Հայաստանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, որ այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վեաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու անցնել բուն աշխատանքներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։

«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին», - ասաց Աղաջանյանը։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, թե լարված իրավիճակի հետ գործ ունեն ու ցանկացած քննարկման ցանկացած դրվագ կարևոր է, որ չխոչընդոտվի։

«Բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում, դրանք գաղտնի են», - ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, թե գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը։

«Դա պետք է արվի շատ զգույշ, որ կրակելու օջախներ չառաջանան», - ասաց նա։

  • Կիսվել: