կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կա փոխադարձ ընկալում, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է իրավական փաստաթղթերի հիման վրա. Գրիգորյան

Կա փոխադարձ ընկալում, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է իրավական փաստաթղթերի հիման վրա. Գրիգորյան

Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է: Դա ակնհայտ է, և կարծես թե կա փոխադարձ ընկալում, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին` Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ արդյոք եղե՞լ է սկզբունքային համաձայնություն այդ հարցում:  

«Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզների տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասաց փոխվարչապետը և տեղեկացրեց, որ 70-ականների քարտեզները մասնագիտորեն կազմված և տպագրված, 20-ից ավելի կտորներից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն:

«Չկա որևէ դիսկրետ լուծում դելիմիտացիայի, չի լինելու մի հանդիպում, որից մենք հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. դա ուղղակի անհնարին է: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, այդ գործընթացի նշանակությունը»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև պարզաբանեց, թե ինչ են քննարկել և պայմանավորվել վերջին հանդիպման շրջանակում:  

«Մենք ունենք հանձնաժողով, և ադրբեջանական կողմն ունի հանձնաժողով, և այն, ինչ մենք անում ենք, դրանք աշխատանքային հանդիպումներ են, և մենք այս անգամ պայմանավորվել ենք, որ կհաստատենք աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք Կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք, և այդուհետ այդ հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասաց նա:

Փոխվարչապետը նաև ասաց, որ բովանդակության հետ կապված լրացուցիչ այլ տեղեկատվություն այս պահին չի կարող հայտնել. «Ըստ էության, ֆորմալ չի էլ քննարկվել հանդիպման վերջին ընթացքը, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների մասով»:

Մհեր Գրիգորյանը նաև կարևոր համարեց այն, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները. «Դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք: Եթե կողմերն ընդունում են, որ դա պետք է իրականացվի իրավական հիմք և հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա, կարծում եմ՝ դա շատ կարևոր սկզբունք է, և պետք է ընդունենք դա, որովհետև հակառակ պարագայում այդ գործընթացը կարող է տևել շատ ավելի կարճ, շատ ավելի պարզ լինել, և կստացվեր, որ մենք ոչ թե միասին վերականգնում ենք ՀՀ սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչն ի սկզբանե մերժել ենք, և կոնսենսուս ունենք, որ նման բան չի լինելու»:

Անդրադառնալով անկլավներին և էքսկլավներին՝ փոխվարչապետը ընդգծեց, որ երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի իմաստն այն է, որ կարողանան ներկայացնել իրավիճակի մասով միմյանց ընկալումները, իրավական փաստաթղթերը և քննարկեն, թե ինչքանով է այդ փաստաթուղթը լեգիտիմ:

 

  • Կիսվել: