ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 147 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 147 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը, ըստ որի՝ բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 3-ական դեպք՝ խուլիգանության և աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու, փաստաթղթի կեղծիքի, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, այլ հանցագործության 1 դեպք:

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: