ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանին ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին Ահմեդաբադում Air India ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ընդունեք խորին ցավակցություններս Ահմեդաբադի օդանավակայանում օդանավի կործանման ողբերգական հետևանքների կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցության և զորակցության խոսքը զոհվածների հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև արագ ապաքինման մաղթանքներս այդ աղետում բոլոր տուժածներին», - ասված է հեռագրում:

Ոստիկանությունը հայտնել է, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման վայրից դուրս բերված ավելի քան 100 մարդու մարմին տեղափոխվել է հիվանդանոց։

Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։  

Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։  

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

 

  • Կիսվել: